Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կուզենայինք իրականացնել. Տիգրան Ավինյան
«Ցավում եմ, որ այս քարոզարշավի ժամանակ ավելի քիչ ենք իրական ծրագրերի՝ մասնավորապես տնտեսության զարգացման մասին խոսում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետը դա բացատրում է նրանով, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է ընտրություններին, և բոլորը սկսում են խոսել, հարցեր տալ ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի հակամարտության մասին. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կուզենայինք իրականացնել, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Հարցին, թե ատելության խոսքի մակարդակը քարոզարշավին շատ բարձր է, Տիգրան Ավինյանն ասաց, որ դրա մասին խոսում է միայն մեկ քաղաքական ուժ, որն էլ նմանատիպ խոսքեր ասում է: «Ես չեմ տեսել որևէ այլ քաղաքական ուժի՝ ներառյալ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների կողմից որևէ ատելության խոսք, ես լսել եմ շատ սուր, միգուցե կտրուկ քննադատություններ, որոնք յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ հասկանալի են»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հանրապետականներն ասում են, որ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավին իրենց հաճախ է անդրադառնում՝ Տիգրան Ավինյանը դա բնական համարեց, քանի որ Հանրապետական կուսակցությունն, ըստ նրա, սովորական քաղաքական ուժ չէ: «ՀՀԿ-ն այն ուժն է, որը վերջին երկու տասնամյակում եղել է իշխանություն և տապալել է գրեթե բոլոր ոլորտները: Քանի որ ՀՀԿ-ի կողմից մեր ուղղությամբ անընդհատ կան մեղադրանքներ, դրանք պահանջում են որոշակի պատասխաններ: Եվ այդ պատասխանները տրվում են, և կարծում եմ, որ դրանք շատ համոզիչ են»,- նշեց Տիգրան Ավինյանը: