Վալերի Օսիպյանը՝ ուրբանիզացիայի խնդիրների մասին
Իրավունք
20:26 03/12/2018
Հայաստան

Վալերի Օսիպյանը՝ ուրբանիզացիայի խնդիրների մասին

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, դեկտեմբերի 1-ին հանդիպել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտերտի դեկան Վալերի Հարությունյանի հետ: Ներկա են եղել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Հանդիպման նպատակն էր` քննարկել, թե ինչպես կարելի է կանոնակարգել երթևեկությունը` խցանումներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վթարներից խուսափելու համար: Վալերի Հարությունյանը նշել է, որ մայրաքաղաքի փողոցներում շինություններ են կառուցվել` հաշվի չառնելով ո՛չ տրանսպորտային հիմնախնդիրները, ո՛չ էլ կոմունիկացիոն նորմերը, և եթե դրան էլ գումարում ենք օրեցօր ավելացող մեքենաների թիվը, ապա մոտ ապագայում Ճանապարհային ոստիկանությունը ի վիճակի չի լինի կարգավորել երթևեկությունը: Եվ այս մասին պետք է բարձրաձայնել:

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է, թե երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվել` խաչմերուկներն ազատող գծանշումներից մինչև խելացի լուսացույցերի տեղադրումը: Իսկ որ 2003 թվականի համեմատությամբ այսօր մեքենաների ներկրման թիվը հանրապետություն հինգ անգամ ավելացել է, փաստում էր նաև ոստիկանության պետը:

Հանդիպման ընթացքում խոսվել է ուրբանիզացիոն խնդիրների մասին, որ բուհերը, նախարարություններն ու շատ գերատեսչություններ, գտնվելով Երևանում, ինքնաբերաբար տրանսպորտային հոսքերի մեծ մասը բերում են կենտրոն, և անհրաժեշտ է նոր էստակադաներ, վերգետնյա ու ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ կառուցել: Քանի որ բարձրացրած խնդիրները վերաբերում էին նաև տարբեր գերատեսչությունների, որոշվել է առաջիկայում կազմակերպել ավելի լայն քննարկում, ուր ներգրավված կլինեն այլ շահագրգիռ կողմեր ու կառույցներ ևս:

Placeholder