Զինհաշմանդամների խնդիրներն ուշադրության կենտրոնում են. ՊՆ
Հասարակություն
18:15 03/12/2018
Հայաստան

Զինհաշմանդամների խնդիրներն ուշադրության կենտրոնում են. ՊՆ

Այսօր` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվող նմանատիպ միջոցառումների նպատակն է սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու  խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը:

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ընդգծելով, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում, Դավիթ Տոնոյանը քաջալերել և ոգու ամրություն է մաղթել զինհաշմանդամներին: 

Placeholder
Զինհաշմանդամների խնդիրներն ուշադրության կենտրոնում են. ՊՆ