Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
Իրավունք
16:57 11/12/2018
Հայաստան

Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դնփակ է։

Նիստի ընթացքում  Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է։ Հայտարարվել է ընդմիջում։ Մ. Գրիգորանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ կանչել են շտապօգնություն. «Մանվել Գրիգորյանի շաքարային ցուցանիշը 20,6 էր։ Բժշկի կողմից որևէ լուրջ միջամտություն չեղավ, ուղղակի ընդմիջմանը հանգստացավ, ընդունեց դեղորայք, անհրաժեշտ սնունդը հասցվեց»։

Փաստաբանն ասաց, որ դատարանն այսօր քննել է երկու միջնորդություն՝ քննիչի՝ Մ. Գրիգորյանի կալանքը երկարաձգելու, և իր կողմից ներկայացված՝ կալանքը գրավով փոխարինելու, որպես գրավի գումար նշվել է 20 միլիոն դրամը։ Փաստաբանը նշեց, որ Մ. Գրիգորյանի ընտանիքի անդամների ողջ գույքն արգելանքի տակ է, բայց նա ազատամարտի հերոս է, այդ ճանաարհին ձեռք է բերել ոչ միայն թշնամիներ, նաև ունի հարազատներ, մարտական ընկերներ, որոնք իրենց համեստ լուման կունենան այդ գումարը հավաքելու համար։ Միջնորդության հետ կապված, փաստաբանի խոսքով, առարկություններ եղել են։

Գործով դատավորը Մարինե Մելքոնյանն է։ Հարցին, թե միտում տեսնո՞ւմ եք, որ Մ. Գրիգորյանի գործը մշտապես նույն դատավորն է քննում, Ա. Մկրտչյանն ասաց. «Այո, տեսնում եմ։ Կարծում եմ, որ  հատկապես  Մանվել Գրիգորյանի գործով, նշանակվում է այնպիսի դատավոր, որի վրա հնարավոր է, իմ անձնական կարծիքն է, պարտադիր չէ, որ ճիշտ լինեմ, իմ ենթադրությունն է, ճնշում գործադրվի  վարույթն իրականացվող մարմնի  կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»։

Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու։ 

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Placeholder
Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է