Զառա, քաղաքական շորիկ կհագնե՞ս
Սոցիալական կայքերն այսօր օգտագործվում են տարբեր առիթերով ու տարբեր նպատակներով։ Դժվար է տարբերակելը՝ կեղծը ճշմարտությունից, նորությունը «հնությունից»։ Սոցիալական կայքերը նաև գովազդի հարթակ են տարբեր խանութների, ապրանքանիշների համար։ «Zara Armenia page» ֆեյսբուքյան էջը ուշադրությանը գրավեց այն առումով, որ, ինչպես հայտնի է, «Zara»-ն տղամարդկանց, կանանց ու երեխաների հագուստի խանութների ցանց է, իսկ այդ էջում միայն քաղաքական գովանզդ է. նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի թեկնածուների քաղաքական պաստառներն են տեղադրված։
Արդյո՞ք «Զառա» ապրանքանիշը սկսել է զբաղվել նաև քաղաքական գովազդներով, թե ապրանքանիշի տակ քաղաքական էջ կա։ Panorama.am-ը հետաքրքրվեց Հայաստանում գործունեություն ծավալող «Զառա»-ից՝ ի՞նչ կապ ունի այդ էջը իրենց հետ, արդյո՞ք իրենք տեղյակ են, որ իրենց ապրանքանիշի տակ քաղաքական էջ կա։
«Դալմա Գարդեն Մոլի» «Զառա» խանութի շաբաթ օրվա մենեջերը նախ ասաց, որ դա իրենց էջը չէ, միանշանակ իրենց հետ կապ չունի, կտեղեկացնի համապատասխան աշխատակիցներին, շնորհակալություն հայտնեց, որ իրենց տեղեկացրեցինք։
Այսօր փորձեցինք պարզել, թե արդյո՞ք քայլեր նախաձեռնել են։ Նույն խանութի մենեջեր Սոնան ասաց, որ իրենց մարկետինգը զբաղվում է այդ հարցով, քայլեր նախաձեռնվում են։ Հարցին, կոնկրետ ի՞նչ քայլեր՝ էջը վերացվի՞, նա պատասխանեց. «Բնականաբար, կամ անունը փոխվի։ Մենք քաղաքականությունից դուրս ենք, չեմ կարող ասել, ով է զբաղվում։ Թող անունը փոխի, ինչով ուզում է, թող զբաղվի։ Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ տեսակի ինֆորմացիա է այնտեղ տեղադրվում»։
Սա՝ ապրանքանիշի պատասխանը: Պիտի թերևս զարմանալ, որ նման հայտնի ապրանքանիշի տեր տնօրինությունը չի մոնիտորինգել ու մեզնից առաջ չի նկատել իրենց ապրանքանիշի քաղաքականացումը: Այն էլ հիմա, երբ ֆիրմաները, բանկերը, սերվիզները իրար են բախվում դատական հայցերով միայն գույների, տառերի նմանության, կամ նույնիսկ ձայնարկային նմանության դեպքում:
Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան էջին՝ հարկ է այն մտցնել ոչ պատշաճ գովազդներ անողների ցանկի մեջ:
Ինչ քաղաքական-շուկայական ուղեղ էր պետք, որ էջը ֆեյսբուքյան փնտրտուքի ժամանակ ներկայանար որպես հագուստներ, իսկ բացելուց դեմդ հայտնվեին ինչ-ինչ թեկնածուներ:
Պատշաճ չի պարոնայք, նույնիսկ՝ անպատշաճ է: