83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
Քաղաքական
10:45 08/02/2019
Հայաստան

83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է

«​Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)»,-տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարության փոխանցմամբ, հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ​Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

«​Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

​Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,-ասված է ՊՆ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ընդամենը հունվարի 22-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը panorama.am-ին ասել էր. «Պաշտոնապես կասեմ այսքանը. կլինի առաքելության մասին պաշտոնական լուր, այն ժամանակ մեկնաբանություններն ու հարցերը կտաք»։

Ընդամենը մի հարց կա՝ «թռչունը» թռնելուց հետո ում տանք հարցերը։

Placeholder
83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է