Արմավիրի նախկին մարզպետի սպանված խորհրդականի եղբայրն ինքնաբացարկ է հայտնել դատավորին
Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի՝ կնոջ կողմից սպանության գործով տուժողի իրավահաջորդն ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Խալաթյանին։ Դատավորը չի բավարարել միջնորդությունը, ինչի արդյունքում Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը որոշումը բողոքարկում է քրեական վերաքննիչ դատարանում։
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկացավ, որ վերաքննիչ ներկայացված բողոքը փետրվարի 18-ին մակագրվել է դատավոր Նարինե Հովակիմյանին։ Մինչ այս պահը նիստի օր նշանակված չէ։
Ավելի վաղ Մանուկ Սիմոնյանի եղբայրը ինաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազ Տիգրան Ենոքյանին, սակայն դատարանն այդ դեպքում էլ չէր բավարարել միջնորդությունը։
Սպանվածի եղբայրը հայտարարել էր, որ քրեական գործը շինծու է, կատարվել է միակողմանի քննություն, մեղադրանքը պաշտպանող դատախազը պետք է բացահայտեր դաժանությունը, այն հանգամանքը, որ իր եղբայրը կնոջը դաժանաբար ծեծել է` իրականությանը չի համապատասխանում, փաստեր չկան, չի հավատում մեղադրողին, փաստերը կեղծվել են, հանգամանքներին տրվել է ոչ ճիշտ գնահատական, հարցաքննված վկաները եղել են կողմնակալ, գործից անհետացել է քարը, պատուհանի ցանցը պատռված է եղել, գործն ամբողջովին շինծու է, իրականությունը խեղաթյուրել են քննիչները` փորձելով կոծկել դաժանաբար սպանության փաստը։
Նա պնդել է, որ հանցանքը կատարել է ոչ թե եղբոր կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, այլ իր եղբորորդին` Նորիկ Սիմոնյանն այլ անձաց հետ ։ Մեղադրողը թաքցրել է հանցագործության հետքերը ։ Հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Մնոյանը, դատախազ Տ.Ենոքայանը կազմել են շինծու քրեական գործ։
Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի, Արմավիրի նախկին մարզպետի օգնականին սպանել է նրա կինը՝ Ռ. Մկրտչյանը։ Հանցոագործությունը տեղի է ունեցել 2017-ի ամռանը՝ հունիսի 22-ին։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` կացինով սպանել է ամուսնուն։ Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ծառայի նման էր վերաբերվում. Արմավիրի մարզպետի խորհրդականի կնոջ նախաքննական ցուցմունքից
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը. ՔԿ