«Այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես». Վարչապետը բարկացավ
Քաղաքական
12:31 21/03/2019
Հայաստան

«Այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես». Վարչապետը բարկացավ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին: Վարչապետը ներկայացրեց իրեն ուղղված նամակը, համաձայն որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«Ես ուզում եմ հասկանալ, նման բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է  բացատրություն տալ»,- ասաց վարչապետը:

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձևը փոխվել է՝ դառնալով մրցութային:

«Փետրվարին ծրագրի իրականացնողներն առարկություններ են հայտնել դրա հետ կապված: Մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել, ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք այդ հարցը և նախագիծը կոմիտեի վաղվա նիստում կքննարկվի, իսկ հաջորդ շաբաթ կընդունվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

«Այդ ամենը պարզ է, բայց մարդիկ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել»,-արձագանքեց վարչապետը:

ՀՀ ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջողազյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության աշխատողներին, այլ հասարակական կազմակերպության կողմից կազմակերվող  ծառայության վճարներին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե պետական բյուջեում այդ գումարը կա, դա նշանակում է, որ  պետությունը կարևորել է այդ ծառայության մատուցումը. «Բայց մարդիկ ծառայություն են մատուցել, դրա համար չեն վճարվել, ինչ աննորմալ երևույթ է: Ասում եք, որ ֆինանսավորման ձևերը փոխել ենք, բայց փոխում ենք, որ ավելի լավ լինի՞, թե՞ ավելի վատ լինի: Փոխում ենք, որ ավելի լավ լինի, հետևաբար հարց՝ ինչո՞ւ է ավելի վատ»:

Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա վերոնշյալ մրցույթը չի կայացել. «Այսօր մարտի 21-ն է, ինչո՞ւ չի եղել»:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մի քանի անգամ շրջանառվել է նախագիծը, կարևորվել են մոտեցումները. «Չկա այդպիսի խնդիր ֆինանսական միջոցների անբավարարության հետ, բյուջեում ավելի քան բավարար միջոցներ կան սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտականությունները ֆինանսավորելու համար»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ներառել նիստի օրակարգում, սակայն վարչապետը չհամաձայնեց. «Ոչ, երեք ամիս անցել է և պետք է ժամանակին այդ որոշումները  քննարկել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից պետք է հրաժարվել,  պետք է հստակ իմանալ, թե ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք է անել առաջիկա մեկ, երկու ամսվա մեջ, ոչ թե վարչապետը նամակ ստանա, ասեն՝  բերեք էն որոշումը, սեղանի ոտի տակից հանենք ու նիստում քննարկենք»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց արձագանքել՝ ասելով, թե հենց նիստում կքննարկվեն և բոլոր խնդիրները կբացահայտվեն, սակայն վարչապետն ընդհատեց նրան. «Ոչ, ես համաձայն չեմ: Քննարկեք և նորմալ ժամանակ որոշում կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»:

«Անկեղծ ասած, ես նոր եմ իմանում խնդրի մասին, կարծում եմ՝ եթե արդեն շրջանառվել է այդ որոշումը՝ կարող էին հենց այսօր անել», - ասաց Տիգրան Ավինյանը, ինչին վարչապետը պատասխանեց. «Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չեք արել»:

Փոխվարչապետն ասաց, որ վաղվա կոմիտեի նիստում մանրամասն կքննարկեն՝ կհասկանան, թե «ինչի չենք արել և եթե որևէ մեկը սխալ է, ապա կհասկանանք նաև պատասխանատուներին»:

Placeholder
«Այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես». Վարչապետը բարկացավ