Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ, եթե այս տրամաբանությամբ նայենք»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք արդյունավետ էին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած բանակցությունները։
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ ասված է, որ հանդիպումն անցել է կառուցողական, դրական մթնոլորտում, տեքստի շուրջ բոլորն են համաձայնվել են։
Վարչապետի խոսքով, Հայաստանը թիվ մեկ ջատագովն է, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ եղանակով. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ քաշենք, բայց եթե անընդհատ խոսում ենք խաղաղության օրակարգից, թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք։
Մեր պատերազմի նպատակը պատերամզը չի լինելու, այլ խաղաղություն։ Եվ դա մեր պատերազմը չի լինելու։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն»։
Ն. Փաշինյանն ասաց, որ իրենց ուզածն այն է, որպեսզի ձևավորեն խաղաղության օրակարգ, աշխատեն դրա շուրջ։
«Պետք չէ խաղաղությանը մեր նվիրվածությունը մեկնաբանել որպես թուլություն կամ վախ որևէ մեկից կամ որևէ բանի առաջ։ Մենք վախ, ընդհանրապես, չունենք» ,- նշեց վարչապետը։
Մարդասիրական քայլերի հետ կապված Ն. Փաշինյանը հույս հայտնեց, որ կկարողանան երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը։
«Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող։ Կա մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոռացումներ, բայց նաև շահառուները պետք է ցանկանան օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե դուք բանակցությունները սկսել եք այն կետից, որտեղ կանգ էր առել ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»։