Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահի հետ
Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից հայտնում են, որ այցի առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։
Զրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։
Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։
Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի անդամ, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, նույն օրը Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում հանդիպում է ունեցել Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների հաստատության տնօրենների խորհրդի անդամներ Խուան Ֆարոպպա Ֆոնտանայի և Մարիանա Բլենգիո Վալդեսի հետ:
ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու արձանագրված հաջողությունները:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և առանց բացառության պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ երկրի կարգավիճակից։ Այս համատեքստում նա կարևորել է Արցախի և տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների հետ համագործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում արձանագրված հաջողությունների զարգացմանը։
Զրուցակիցները կարևորել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթների ընդհանուր և համապարփակ կիրառումը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկու երկրների իրավապաշտպան գրասենյակների միջև համագործակցության հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան