Ոստիկանությունը ճշտում է Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի հանգամանքները
Իրավունք
10:24 30/05/2019
Հայաստան

Ոստիկանությունը ճշտում է Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի հանգամանքները

Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ իրավապահ մարմնի, միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն. 

«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել  են Սամվել  Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել  և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ  ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։

Նրանց ճանապարհը փակել  են և հրազենից կրակահերթ ուղղել  նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։  Մեզ հասած  տվյալներով դրանք  Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով  ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ  նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք»կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Մենք պարտավոր ենք տեղյակ պահել  իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք  կիրառել  նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ  ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր  գործելաոճով ,  ահ ու սարսափ են տարածում  ազգաբնակչության մեջ։  Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել,  այսպիսի գործելաոճը ուղղում  են  երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։ 

Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։

Placeholder