Ոստիկաններին պատժելու փոխարեն խուլ ու համրերին են ցանկանում դատել
Մայիսի 21-ին Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը պահանջող խուլ ու համրերին ոստիկանները հրմշտեցին, նրանցից մի քանիսի թևերը ոլորեցին, մեկին գետնին տապալեցին, մյուսի շորերը հագից հանելով հրեցին առաջ, մեքենա նստեցրեցին ու ոստիկանության բաժիններ տարան: Այս գործողության ողջ ընթացքում ոստիկանները բղավում էին ու գոռգոռում: Ոչ մի բացառություն, հրելով տարան թե տարեցներին, թե կանանց:
Սա այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցները ի նշան խաղաղ հավաքի վեր էին պարզել իրենց ձեռքերը:
Տեսանյութը «Հետք»-ինն է:
Որոշ մարդիկ դատապարտեցին ոստիկանների գործողությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը չդատապարտեց, մտահոգություն հայտնեց: Ֆեյսբուքյան իր էջում գրեց, կազմակերպությունն իրենց նախարարության ենթակայությամբ չի գործում, նշեց, կատարվածի վերաբերյալ ունեցած տահոգությունները փոխանցել է նաև Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հեռախոսազրույցի ընթացքում։
Դրանից հետո սակայն ոստիկանները նկատողություն չստացան, փոխարենը քրեական գործ է հարուցվել խոսելու և լսելու ունակությունից զուրկ քաղաքացիների նկատմամբ:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ քրգործն ուղարկվել է դատախազություն: Վերջինն էլ արդեն գործն ուղարկել է քննչական կոմիտե, այստեղ այն վարույթ է ընդունվել:
Կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Գործի շրջանակում դեռ կարգավիճակ ունեցող անձինք չկան, ավելի քան մեկ տասնյակ խուլ ու համր պետք է կանչվի կոմիտեի, որպեսզի քննիչը լսի նրանց:
Ըստ գործի, նրանցից մեկն օրինակ կծել է ոստիկաների ձեռքը, մյուսը` հրել է:
Հետաքրքիր է, ավելի քան մեկ տասնյակ ոստիկաններից ուրիշ էլ ինչպե՞ս կարող էին ինքնապաշտպանվել այս քաղաքացիները, խոսել կարողանային` տականք ու լակոտ ասելով հեշտ կպրծնեին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց, ՀԿ-ն նախարարության ենթակայումբ չէ գործում: Չնայած դրան, նախարարության ներկայացուցիչների ու միավորման անդամների երկու հանդիրպում է եղել:
«Մենք փորձում էինք իրենց հաշտեցնելու եզրեր գտնել, բայց անդրդվելի են»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 316 հոդվածը սահմանում է.
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանի խուլերի միավորման» նախագահ. Մենք առանց պետության չենք կարող աշխատատեղեր ստեղծել
- Խուլերի միավորման անդամների մեծ մասը պահանջում է միավորման նախագահի հրաժարականը