«Ոսկե ծիրան». «Մեծ ու փոքր արկածներով  ավարտեցինք այս փառատոնը»
Մշակույթ
09:48 15/07/2019
Հայաստան

«Ոսկե ծիրան». «Մեծ ու փոքր արկածներով ավարտեցինք այս փառատոնը»

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի կարևոր նվաճումներից է բացօթյա ցուցադրությունները, նաև փառատոնի շրջանակում իրականացված կրթական ծրագրերն ու փառատոնային ավան նախաձեռնությունը: Փառատոնի ամփոփիչ ասուլիսում ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

«Մեծ ու փոքր արկածներով  ավարտեցինք այս փառատոնը»,- ասաց փառատոնի տնօրենը։ 

Նա նշեց, որ կան հարցեր, որոնք պետք է վերլուծեն ամբողջ թիմով. «Պետք է միասին աշխատենք, հասկանանք, թե ինչպես բարելավենք, նաև որոշ չափով դրսից տեսանկյուններով անդրադառնանք։ Կան նման շատ հարցեր»։

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամ, օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) ասաց, որ շատ հաճելի էր այստեղ լինել, աշխատել շատ լավ ընտրված ժյուրիի կազմի հետ:

«Հետաքրքիր էր հասկանալ տարածաշրջանի խնդիրներն ու հասկանալ մտահոգությունները, տեսնել, թե Հայաստանում, Վրաստանում, Թուրքայում, Իրանում ինչ տեսակ ֆիլմեր են պատրաստվում, ինչ տեսակ մտահոգություններ ունեն, որոնք ներկայացված են ֆիլմերում»,-նշեց Նորայր Կասպերը։

Հիշեցնենք,որ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»: Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:

16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր:
 

Placeholder