Նորանշանակ առաջնորդն առաջին պատարագն է մատուցել Վիրահայոց թեմում
Հասարակություն
19:33 15/07/2019
Տարածաշրջան

Նորանշանակ առաջնորդն առաջին պատարագն է մատուցել Վիրահայոց թեմում

Նախօրեին  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում իր անդրանիկ Սբ. Պատարագն է  մատուցել թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վրդ Դավթյանը:

Jnews-ից տեղեկանում ենք, որ Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ, գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը թբիլիսահայերին ներկայացրել թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին:

«Ես այսօր ուզում եմ իմ գոհությունը հայտնել տարիներ և տասնամյակներ ձեզ ուղղված, ձեր հոգին ամրացնող և առաջնորդող Վազգեն սրբազանին, որը այդ տարիների ընթացքում չխնայեց ոչինչ որպեսզի պայծառանար եկեղեցին հայոց»,- նշել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի մասին խոսելիս՝ նշել է, որ նա մեկն է, ում երևի գիտեն փոքր հասակից, մեկը, որ այսօր կանգնել է այս խորանին՝ իբրև առաջնորդական, իր առաջին աղոթքն ու թոթվանքն սկսել է հենց այստեղից։

«Ուրախությունս այսօր կրկնապատիկ է, քանի որ գտնվում եմ եկեղեցում, որտեղից, որ սկսել եմ հոգևոր կյանքում իմ առաջին քայլերը։ Լինելով այս քաղաքից, լինելով այս եկեղեցու ծառայող, և լինելով այս ժողովրդի, և այս հողի ու ջրի զավակ, վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ օգնությամբ, և յուրաքանչյուրիդ հետ միասին մենք կարողանալու ենք առաջ տանել Թբիլիսիի և ամբողջ Վիրահայոց հոգևոր կյանքը»,- այս խոսքերով հավատացյալմներին դիմել է նորանշանակ առաջնորդական տեղապահը։

Տեր Կիրակոս վրդ Դավթյանը ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում, իսկ 1999-2004 թթ.՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով: 2005-2006 թթ. աշխատել է Էջմիածնի գլխավոր աթոռանիստ տաճարի Աստվածաբանական-հայագիտական կենտրոնում: 2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա: Հաջորդիվ մոտ 15 տարիների ընթացքում ծառայել է հայ եկեղեցուն տարբեր երկրներում:

 

Placeholder