Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին
Նախօրեին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին: Վիրահայոց թեմից տեղեկացնում են, որ հանդիպումը ծանոթության բնույթի էր: Առաջնորդական տեղապահը կարևորել է հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծել է, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաջնորդարանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի համագործակցությունը եղել է և կշարունակվի համահունչ, երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:
Իլիա Երկրորդը առաջնորդական տեղապահին խնդրել է Իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, և Իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:
Վրաց Եկեղեցու Հովվապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը շնորհավորել է առաջնորդական տեղապահին հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում իրականացնելու համար, մաղթել Աստվածահաճո և նվիրական ծառայություն և արտահայտել իր աջակցությունը երկու քրիստոնյա եկեղեցիների համագործակցությանը:
Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքն իր օրհնությունն է փոխանցել հայ հավատացյալներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: