Շարմ Էլ Շեյխում անելանելի վիճակում հայտնված հայ ամուսինների խնդիրը լուծվել է
Վերջերս «շահած տոմսով» Շարմ Էլ Շեյխ մեկնած Նարեկ Հովհաննիսյանը և Լիլիթ Առաքելյանը հայտնվել էին անելանելի դրության մեջ։
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նարեկը պատմել էր, որ Շարմ Էլ Շեյխ ժամանելուց հետո 7-ամսական հղի կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ծննդաբերել է կեսարյան հատման ճանապարհով։ Սակայն երեխային հիվանդանոցից վերցնելու համար հայ ամուսիններից բժիշկները 3500 ԱՄՆ դոլար էին պահանջել, ինչն ամուսինները չունեն։
Ըստ Նարեկ Հովհաննիսյանի՝ սկզբից իրենցից պահանջել են 5000 դոլար, սակայն Եգիպտոսում ՀՀ դեսպանատան միջամտությամբ գումարը նվազել է՝ կազմելով 3500 դոլար։
Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին։
Խոսանկը նշեց, որ խնդիրն արդեն լուծված է, հայաստանյան բանկերից մեկը ԱԳՆ-ին հայտնել է՝ պատրաստ է բոլոր ծախսերը վերցնել իր վրա:
«Նոյեմբերի 2-ին ՀՀ քաղաքացի Լիլիթ Առաքելյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ էլ Շեյխ քաղաք ժամանելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վաղաժամ ծննդաբերել է։ Երեխայի հայրը կապ է հաստատել դեսպանության հետ նոյեմբերի 4-ին, որի արդյունքում դեսպանությունը ներկայացրել է նրան երեխայի անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացը։
Դեսպանության ջանքերով հնարավոր է եղել շատ կարճ ժամկետում ստանալ ծննդյան վկայական, որի հիման վրա դեսպանությունը երեխայի համար պատրաստել է վերադարձի վկայական։ Քաղաքացիները դեսպանությանը տեղեկացրել են հիվանդանոցի անձնակազմի հետ օտար լեզվով հաղորդակցվելու, երեխայի ծնողի կորած անձնական իրերի, երեխայի դուրսգրման ժամկետի հետ կապված խնդիրների մասին: Նոյեմբերի 6-ին Եգիպտոսում ՀՀ հյուպատոսը ժամանել է Շարմ էլ Շեյխ, հանդիպել քաղաքացիներին, փոխանցել վերադարձի վկայականը, անցկացրել է հանդիպումներ տուր օպերատորի ներկայացուցչի, ինչպես նաև հիվանդանոցի բժշկական ու վարչական անձնակազմի հետ։ Արդյունքում՝ լուծվել են վերոհիշյալ և մի շարք այլ խնդիրներ՝ կախված, մասնավորապես, հիվանդանոցի պահանջած ծախսերի հետ: Այս պահի դրությամբ երեխան ապահովված է համապատասխան բժշկական օգնությամբ, սննդով, հագուստով և այլն։ Դեսպանությունը պարբերական կապի մեջ է քաղաքացիների հետ, ուրախ ենք, որ խնդիրն արդեն իսկ լուծում է գտնում»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ