ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
Հասարակություն
15:24 13/11/2019
Հայաստան

ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)

15:21
Դասադուլ և իրազեկման երթ իրականացնող ուսանողները հասել են ԿԳՄՍ նախարարության մոտ: Ուսանողների հետ է նաև ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Անաիդա Մովսիսյանը: Նա նշեց, որ իրեն ավելի հաճելի կլիներ խոսել համալսարանի լսարանում ուսանողերի հետ, բայց եթե ուսանողների մի մասն այստեղ է, դասախոսների մեծամասնությունն իրենց պարտքն են համարում լինել իրենց հետ, օժանդակել նրանց:

«ԵՊՀ 58 դասախոս որոշել է միանալ մեկօրյա գործադուլի՝ ի աջակցություն, օժանդակություն ուսանողերի, ի պաշտապանություն Հայոց լեզվի և գրականության, Հայոց պատմության, նաև կրոնի դասավանդման:

Այսքան լարում և սրում չէր լինի, եթե նախապես նախագծի հանդեպ ղեկավարությունը ծայրահեղ դիրքորոշում չընդուներ, այն չներկայացներ որպես արդեն հաստատված իրողություն: Մենք միշտ էլ պատրաստ ենք քննարկելու, լսելու միմյանց, առաջնորդվելու ինչ-որ սկզբունքներով, որոնք բխում են ոչ թե առանձին խմբերի շահից, այլ ողջ հայություն»,- ասաց դասախոսը:
Ա. Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին այս շարժումը սկսելու, ղեկավարելու իրացնելու համար:

Ակցիայի մասնակից Գևորգ Գյուլումյանն ասաց, որ ծրագրել էին մինչև շաբաթվա վերջ դասադուլները շարունակելու, բայց իրենք կքննարկեն իրենց դասախոսների հորդորը՝ դադարեցնել դասադուլն ու վերադառնալ լսարան, ու, ըստ իրենց սկզբունքների, կփորձեն ողջամիտ որոշում կայացնել:

13։13
Ուսանողներն իրազեկման ակցիա են սկսել, երևանյան տարբեր բուհերի մոտով անցնելով՝ կոչ են անում ուսանողներին միանալ իրենց: 

11։46
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները վերսկսել են իրենց դասադուլը՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք կոչ են անում ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց: 

«Դուրս եկեք ու տեր կանգնեք այն արժեքներինն, որոնք դուք եք փոխանցել մեզ: Դուրս եկեք ու ձեր ուսանողների կողքին եղեք: Այդ արժեքները մեզ եք փոխանցել, որպեսզի մենք էլ մեր սերունդներին տանք: Դուրս եկեք ու օգնեք, որ պաշտպանենք այդ արժեքները»,-- հայտարարում են ուսանողները:

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանն ասաց, որ այն դասախոսերը, որոնց ուսանողները ճանաչում են, երբեք էլ նրանցից անջատ չեն եղել, հիմա ամեն մեկն ընտրել է իր քննարկման, հարցի լուծման ճանապարհը:

«Սա երիտասարդական, ոչ քաղաքական շարժում է, չտանեք մեր ուսանողներին քաղաքական խաղերի մեջ: Նրանց պայքարն արդար է, մենք աջակից ենք եղել, նիստեր ենք արել: Մտածում ենք նախարարության հետ շահագրգիռ, քաղաքակիրթ զրույց ունենալ, անսխալական մարդ չկա աշխարհում: Ուզում ենք հանգիստ զրույց ունենալ, քննարկել, համոզել իրար ու գալ ընդհանուր եզրակացության: Այդ դեպքում, իհարկե, կդիմենք նաև ուսանողներին՝ խնդրելով վերադառնալ լսարան: Մենք կարոտում ենք մեր ուսանողներին»,- ասաց ԵՊՀ դոցենտը:

Ա. Տեր-Մինասյանի խոսքով, պատրաստվում են առաջարկներ ներկայացնել նախարարին:

Ակցիայի մասնակիցներից ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ հիմա բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը ժողով է իրականացնում, սպասում են նրանց որոշմանը:

«Ըստ ամենայնի, մեզ  հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն: Նույն պրոֆեսորադասախոսական կազմը, որոնց միանալու են Գրողների միությունից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Լեզի ու գրականության, Պատմության ինստուտներից անդամներ, ասուլիս են տալու»,- նշեց նա:

Գ. Գյուլումյանի խոսքով, նախարար Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջը ուսանողական է, երիտասարդական, իսկ դասախոսներն ավելի շատ մտահոգված են հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներց դուրս մղելու գործընթացով:

Հիշեցնենք՝  ուսանողները, ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել: ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝  նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ:

Placeholder
ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)