Արթուր Ղազինյան. Հայաստանը չի կառավարվում
Քաղաքական
13:30 18/12/2019
Հայաստան

Արթուր Ղազինյան. Հայաստանը չի կառավարվում

Իշխանափոխությունից մեկուկես տարի անց Հայաստանի նոր իշխանությունները դեռևս չեն կարողանում հասկանալ, ընկալել կառավարման կարևորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նրա ներկայացմամբ, կառավարման գործընթացն իրականացվում է երեք  հիմնական բաղադրիչով՝ կազմակերպում,  ղեկավարում, համակարգում, իսկ այսօր իշխանության բարձրագույն  օղակներում գտնվող մարդիկ չունեն այս բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն և գիտելիքներ, հետևաբար ձախողումները, սխալները, տապալումները և թերություններն անխուսափելի են:

Ա. Ղազինյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր անկեղծ  հուզական  պոռթկումի ժամանակ արտահայտել է մի քանի մտքեր, որոնց ցանկանում է անդրադառնալ:

«Ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարևոր  տեղեկատվություն: Եթե  սա բացենք մեր քաղաքացիների համար, դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: Եթե  պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա  ինչ տեղեկատվություն է փոխանցում մեր քաղաքացիներին՝ անդադար, շատ երկար խոսելով տարբեր հարցերի վերաբերյալ: Սա նաև տեղեկատվական անվտանգության խնդիր է, որ  պետության ղեկավարը պետք է լինի համալիր, համապարփակ, ամբողջական տեղեկացված Հայաստանի ներսում և Հայաստանի հետ կապված  Հայաստանից դուրս ընթացող գործընթացների վերաբերյալ:

Այսօրվա կառավարությունը  չունի հնարավորություն ոչ տեսական, ոչ գործնական, լուծելու առկա խնդիրները, նաև չունի հնարավորություն կառավարելու այդ  խնդիրները: Այսօր մեր երկրում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ, Հայաստանի Հանրապետությունը չի կառավարվում: Գնահատականները միգուցե սուր են, բայց  դա օբյեկտիվ են և արտացոլում են այն պատկերը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը հայտնի պոռթկումի ժամանակ՝ նաև նշելով, որ կառավարությունից ստանում են փաստաթղթեր, որոնք չեն հասկանում, թե որերորդ դասարանի աշակերտն է գրել:

Տեղեկացնեմ քաղաքացիներին, որ կառավարություն գրությունները գնում են բացառապես նախարարի կամ առաջին տեղակալի, տեղակալի կամ պաշտոնակատարի կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, պետք է պարզաբանի, թե  կոնկրետ որ նախարարին նկատի ուներ և ում էր կարծում՝ չգիտեմ որերորդ դասարանի աշակերտ»,- ասաց Ա. Ղազինյանը:

Խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, նա նշեց, որ այս տարին բավականին հագեցած էր իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիքներով: Ա. Ղազինյանը հիշեցրեց դատարանների շենքերը շրջափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի մասին, խոսեց դատական իշխանության նկատմամբ հարձակումների, այսօրվա իշխանության կողմից ՍԴ-ի նկատմամբ  թիրախավորված քաղաքական հարձակումների մասին: 

«Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և  որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը: Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական  կառույց է, դրանց վստահության աստիճանը չափվում է  բացառապես նրանց վարույթում գտնվող  գործերի ծավալով, քանակով, դատավարությունների  գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով: Կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են: Եթե դատական համակարգի նկատմամբ  չկա վստահություն, ապա մարդիկ չեն դիմում  դատական համակարգին»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը:

Ա. Ղազինյանի խոսքով, իրենց կուսակցությունը հայտարարել էր, որ պետք է օր առաջ  սկսել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակում, ինչի ուղղությամբ իրենք արել են որոշակի աշխատանքներ, իրավաբանական հանրույթի հետ ունեցել են լուրջ  քննարկումներ, անելիքների վերաբերյալ ունեն կոնկրետ եզրակացություններ:

«Հայաստանում ներկայումս ընթանում է  պայքար իրավական պետության դեմ՝  քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները դարձնելով ուղենշային դատական համակարգը նվաճելու գործում որոշ հաջողություններով և որոշ խնդիրներով»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Placeholder