Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
Իրավունք
20:54 24/12/2019
Հայաստան

Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով նաև «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանն է, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ձերբակալության որոշումն ու  հիմքերը:

«Պարոն Թավադյանին  բերման են ենթարկել  այսօր՝ ժամը14.20-ին, Մաշտոցի պողոտայից: Մինչ այդ  որևէ հրավեր չի եղել, այսինքն՝ նրան  միանգամից տրվել է կասկածյալի դատավարական  կարգավիճակ, այժմ հաստատվել է  կասկածը, ձերբակալվել է  և  հիմա տեղափոխվում է ձերբակալվածների  պահման վայր:

Քրեական գործը մի քանի օր առաջվա քրեական գործն է՝  տուժողի հետ  ենթադրաբար ճնշում գործադրելու կամ կաշառքի հետ կապված: Մի անձի մեղադրանք առաջադրվել է այդ գործով, պարոն Թավադյանը կասկածելի կարգավիճակ ունի դեռ»,-հայտարարեց փաստաբանը:

Խոսելով  ձերբակալման հիմքերից Խուդոյանը մասնավորապես ասաց. «Մեզ համար հիմքերը մինչև հիմա պարզ չեն, քանի որ ձերբակալության արձանագրության մեջ նշված է այլ անձանց գործողություններ: Որևէ տեղ նշված չէ պարոն Թավադյանի կողմից որևէ գործողություն և վերջում այդ անձանց կողմից կարատված գործողությունները վերագրվել են պարոն Թավադյանին: Այսինքն՝  որևէ տրամաբանություն չկա, թե ՀՔԾ-ն  ո՞ր գործողություն է համարում ապօրինի:

Եթե ենթադրյալ հանցագործության կատարողը Վարուժան Մկրտչյանն է և որևէ կերպ փորձում են կապել Թավադյանի հետ, ապա տարբերակված մոտեցումները մեզ կրկին կասկածների տեղիք կտան, որ ուղորդված գործընթաց է՝ հենց պարոն Թավադյանի դեմ»:

Հովհաննես Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ Թավադյանը ցուցմունք չի տվել և գտնում է, որ որևէ հիմք չկա իրեն այս գործով քրեական հետապնդելու համար: Նրանք այն համոզմանն են, որ  Թավադյանի գործը  քաղաքական գործունեության հետ է կապված:

Հիշեցնենք, որ  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին այսօր բերման են ենթարկել հատուկ քննչական ծառայություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է:

Նախնական վարկածով՝ Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

Տեղեկացնենք, որ  Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից»:

Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Placeholder