Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Փաշինյան
Քաղաքական
13:28 09/01/2020
Հայաստան

Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Փաշինյան

Բյուջետային ավիաընկերությունները ոչ լյուքս սեգմենտի զբոսաշրջիկների են բերելու Հայաստան: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, ըստ նրա, բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ, որոնք փոքր և միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են:

«Նրանք գալիս են Հայաստան ոչ թե հինգաստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, ոչ թե ճոխ ծառայություններից օգտվելու համար, այլ նրանք գալիս են քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու»,- նշեց  վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում միկրոբիզնեսն ազատվել է հարկերից։

«Ասել ենք և շարունակում ենք ասել, որ բարեկեցություն հաստատելու, աղքատությունը հաղթահարելու միջոցն աշխատանքն է։ Հիմա մենք այդ աշխատանքի համար ստեղծել ենք բավարար դաշտ, ազատել ենք հարկերից և հնարավարություն ենք տալիս, որ իրականացնեք զարգացման տարբեր ծրագրեր տարբեր ոլորտներում, իսկ մենք աշխարհի տարբեր ուղղություններից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ։ Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ պետք է ձեզ որոշակի գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետև այդպես հնարավոր չի լավ ապրել, այլ ստեղծված է դաշտ, որ դուք ձեր սեփական մտքով, աշխատանքով, գաղափարներով հնարավորություն ունենաք վաստակել օրվա հացը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա է կյանքը փոխելու բանաձևը։

Վարչապետի խոսքով՝ պետությունը կառուցում է ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների ու ծառայություն կամ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։ 

«Սա է լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ուզում եմ ասել՝ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել,  չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ, հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները։ Բազմոցին պառկած մարդու  աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը, վեր կենա բազմոցից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝  հավելելով, որ  երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է, քանի որ հնարավոր չէ առանց կրթության, հմտության լավ ապրել, այս հնարավորություններից օգտվել։

Placeholder