Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
Մշակույթ
16:06 13/01/2020
Հայաստան

Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է

Երևանում Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը գտնվում է այն վիճակում,  ինչ մեկ տարի առաջ հայտնվեց՝ փլուզված, քանդված, որևէ բան տեղի չի ունեցել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

«Երբ որ փլուզվեց, քանդվեց շենքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց, որ անհեթեթ ու անհիմն քաշքշուկների հետևանք էր: Հիմա կարող եմ ասել, որ չի վերակառուցվում կամ անհեթեթ քաշքշուկերի հետևանքով կամ միտումնավոր քաշքշուկների հետևանքով»,- նշեց նա:

Տ.Հեքեքյանի խոսքով, զրկվելով տարածքից, որտեղ աշխարհով մեկ խմբերգային արվեստը ներկայացնող ու իր հավասարը չունեցող երգչախումբը փորձեր է արել տասնյակ տարիներ, հիմա արդեն զգացվում է, թե ինչ ազդեցություն է ունեցել խմբի վրա. «Տեսնում ենք որակական փոփոխություն, ինչը զգացինք վերջին ձայնագրության ժամանակ: Խումբը, որը հեշտ ձայնագրվում էր, սկսել է խնդիրներ ունենալ»:

Նա նշեց, որ մինչև քանդվելը և հատկապես քանդվելուց հետո շենքը պահանելու համար մի քանի անգամ դիմել են բոլոր իրավասու ատյաններին, սակայն գործն առաջ չի գնում:

«Ինչ որ բաներ արվում են, արդյունքում ոչինչ չի կայանում, շենքը մնացել է ինչպես կա, մենք էլ մնացել ենք անորոշ վիճակում: Կառույցը լուրջ խնդիր ունի, որն ինձ համար ոչ պակաս պատմական և մշակութային արժեք է»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:

Ասուլիսին ներկա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նարինե Թուխիկյանը նշեց, որ նախարարությունը միշտ շենքի պահպանման ջատագովն է եղել, վերականգնման վերջին նախագիծը, որ ներկայացվել է  1-2 ամիս առաջ, հաստատվել է նախարարության կողմից, դրական  եզրակացություն է տրվել:

Նա նշեց, որ սակայն կան մի շարք կնճռոտ հարցեր, օրինակ, Արամի 23-ին է ագուցված հարևան շենքի տանիքը, որը պետք է մասնագիտորեն քանդվի, այսինքն կա իրացման խնդիր:

Ճարտարագետ, վերականգնող իտալական ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչ և նախագծի համահեղիանակ  Դավիթ Նահատակյանն ասաց, որ չի կատարվել հնգակողմ պայմանագրով նախատեսված վճարումը. պայմանագրի կողմերից «Ի Էմ Սի» ընկերությունը չի վճարել առաջին փուլով նախատեսված գումարը:

«Առաջին փուլը՝ էսքիզային և անհրաժեշտ միջամտություն, որպեսզի շենքը չշարունակի քանդվել, կատարվել է, սակայն վճարումն առ այսօր չի արել»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը կատարել է իր գործառույթները՝ տրվել է շինարարության և նախագծման թույլտվություն:

Տ.Հեքեքյանը հավելեց, որ «Ի Էմ Սի» ընկերությունն չի իրացնում Արամի 23-ի կողքի բնակարանը, որպեսզի կարողանան սահմանազատել ու սկսել իրենց շենքի աշխատանքները: Նա ընդգծեց, որ քաղաքապետարանն ի սկզբանե տվել է ապօրինի շինթույլտվություն. «Գուցե  կապ ունի նախկինների հետ, բայց մենք ունենք իրավահաջորդ, մարդիկ շարունակեն իրենց գործառույթը:

««Հիմա «Հին Երևան» նախագիծը ֆինանսավորող պարոն Վարդան Սերմաքեշը համաձայն է պատմական շենքը վերականագնել, բայց այնքան, որ մի քիչ կպցնենք, ինքը շուտ-շուտ իր տարածքը բարձրացնի, հետո կերևա արդեն, թե ինչ կլինի»,- ասաց Հեքեքյանը:

Դավիթ Նահատակյանը նշեց, որ դեկտեմբերին պատահական հանդիպել են «Ամուր» քընսթրաքշնի ներկայացուցիչների հետ, զրույցում ներկայացրել ենն, որ ցանկանում են իրենց նախագիծն  իրականացնել, խնդրում են, եթե հնարավոր է կատարել հեղինակային հսկողություն:

«Ասացինք, որ սկզբունքորեն դեմ չենք, բայց պայմանագիր չունենք: Նախ չի վճարվել արդեն կնքված պայմանագրով հասանելիքը, ասացինք, որ մեզ դիմեք պաշտոնական գրությամբ: Սակայն մինչ այսօր որևէ պաշտոնական գրություն չունենք, պատահաբար իմանում ենք, որ մեր անունները գրվել է որպես հեղինակային հսկող կամ մեր նախագիծը պետք է իրականացվի: Գրություն ենք ներկայացնելու իրավասուներին, որ մեր ճարտարապետական կազմակերպությունը և ես ինքս տեղյակ չենք այս մասին,  չենք տվել մեր համաձայնությունը»,- ասաց նա:

Տիգրան Հեքեքյանն ամոփոփելով ստեղծված  իրավիճակը, ասաց. «Այս պահին քաղաքապետարանի կողմից ունենք մի շինթույլտվություն, որի մեջ  գրված է ճարտարապետ և հեղինակային հսկող,  որոնք այդ մասին տեղյակ չեն, իրականությանը չի համապատասխանում, չի կարող ուժ ունենալ: Ունենք ինչպես մեկ տարի առաջ՝  քանդված շենք, երգչախումբ, որի մեծերը խումբը քանդվում է, փոքրերինը  մի կերպ պահում ենք օտար տարածքում տնվորի կարգավիճակում: Ունենք նախարարություն, որը ինքն էլ չգիտի՝ ինչպես անել, որ այս հարցը լուծվի,  քաղաքապետարան, որն այս պարագայում կարող է ասել՝ տվել եմ շինթույլտվություն, ինչ իմանայի, որ կեղծիքով է եղել,  ունենք ընկերւթյուն, որն իրեն հզոր է զգում,  ինչ հարց կա իր ձեռքում է»:

Placeholder
Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է