Հայաստանում երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ
Հասարակություն
16:01 29/01/2020
Հայաստան

Հայաստանում երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ

Հայաստանում այս պահին երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ հաստատելով այն լուրերը, թե Հայաստանից Վրաստան ուղևորվող ավտոբուսը, որում եղել են նաև չինացիներ, թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը, քանի որ նրանք ջերմություն են ունեցել։ 

Նրա խոսքով՝ սահմանային անցակետից անմիջապես կապ են հաստատել իրենց հետ։

«Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե Չինաստանի, թե ՀՀ-ի, Բագրատաշենի անցակետում եռակի ջերմաչափվել են, բայց նրանք ջերմություն չեն ունեցել։ Չինացիներից մեկն ընդհանրապես ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ: Այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Իհարկե, նրանք  կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում, տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք ռենտգենի արդյունքում»,- ընդգծեց Լիանա Թորոսյանը:

Ըստ նրա՝  պետք է դիտարկել միայն մեկին, որը 37 աստիճան ջերմություն ունի: Նա միաժամանակ ասաց, որ հիմա գրիպի սեզոն է, և բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ պարզապես շնչառական վարակ։

Լիանա Թորոսյաննն նշեց նաև, որ Հաայստանը չի համարվում ռիսկային երկիր, և այս պահին Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում չկաՆ նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր։

Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի կասկածանքով դեպք լինի, ապա կենսաբանական նմուշները հնարավոր կլինի ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել այդ վիրուսի առկայությունը:

Նշվեց նաև, որ օդանավակայաններում, սահմանային անցակետերում մասնագետները չափում են Չինաստանից եկած բոլոր մարդկանց ջերմությունը, որպեսզի ժամանակին հայտնաբերեն վիրուսակիներին։

 

Placeholder
Հայաստանում երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ