Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն. Քնար Մանուկյան
«2019թ-ի ընթացքում, 4 քրեական գործերի շրջանակներում և՛ քննչական կոմիտեն, և՛ դատախազությունը, և՛ ՀՔԾ-ն փորձել են բացահայտել լրատվամիջոցի աղբյուրները»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։
Նա նշեց, որ 2019 թվականին ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով քարոզարշավ է սկսել «Ժողովրդի» խմբագրության գործունեության դեմ՝ փորձելով ամեն ճանապարհ ընտրել՝ ստանալու համար թերթի աղբյուրը։ Նա ասաց, որ իրավապահ մարմիններին կոչ է արել չխոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը։
Գլխավոր խմբագիրը պատմեց, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին ՀՔԾ-ն իրեն հրավիրել և հայտնել է, որ հանել է իր հեռախոսային խոսակցությունների վերծանումները. «2-3 անուն տվեցին՝ խնդրելով ասել, թե նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով առանցքային պաշտոնյաների ցուցմունքները: Սա ինձ համար շոկային էր: Նախաքննական մարմինը փորձում է բացահայտել լրագրողի աղբյուրը՝ լրագրողին ամեն անգամ հոգեբանական ճնշումներով, ծանուցումներ ուղարկելով: Սա իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու սարսափելի դրսևորում էր»։
Նա նաև ասաց, որ աղբյուրը բացահայտելու ՀՔԾ որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում:
«Ապացուցվեց, որ ՀՔԾ-ն, հանելով իմ հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ապօրինություն է թույլ տվել։ Այդ քայլը որակվեց դրսևորում՝ լրագրողի աղբյուրը բացահայտելու փորձ»:
Մանուկյանն անդրադարձավ նաև «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակման դեպքին։
«Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն. դա ի՞նչ ազդակ էր՝ դադարեցնե՞լ գործունեությունը, լռե՞լ, այդպես էլ մեզ մնաց անհայտ»,- ասաց գլխավոր խմբագիրը։
Նրա խոսքով, իրավապահ մարմինները մինչ օրս վստահեցնում են, որ ամեն ինչ արել են և անում են՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը բացահայտելու ուղղությամբ, բայց, ըստ էության, դրանք միայն խոսքեր են, որովհետև արդյունք չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ