Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին
Այսօր հրավիրված ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր:
ԵՊՀ-ից հայտնում են, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19
ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական
ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության
ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի
զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների
կատարողականի հաստատում:
Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասել է, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:
«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասել է Դավիթ Ափոյանը և փաստել, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:
Դավիթ Ափոյանը շեշտել է, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն է խնդրել նիստին ներկա անդամներից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքն է հայտնել բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարել է փակված: