Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը պայմանավորված է առողջական վիճակով, ապա պետք է կամ այդ իրավիճակը վերացվի, այսինքն՝ ապահովեն արժանավայել պայմաններ ու մասնագիտացված բուժում, կամ անազատության մեջ գտնվող մարդը պետք է ազատ արձակվի, այլընտրանք չկա», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համաճարակը առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում.
«Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը՝ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում: Ավելին, պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում»։
Ղազարյանը մտահոգիչ է համարում փաստը, որ հայաստանյան քրեկատարողական հիմնարկներից մեկում՝ Վարդաշենում հաստատվել է վարակակիրների առկայությունը։ Փաստաբանի պաշտպանյալներից որևէ մեկն այս պահին կալանքի տակ չէ, տեղյակ էլ չէ, թե ՔԿՀ-ներում ինչ վիճակ է համավարակի օրերին, քանի որ բանտերի մոնիտորինգի արդյունքներին չի տիրապետում։
Նա այս առումով ուրախություն է հայտնում, որ դատավոր Արման Հովհաննիսյանի որոշումներով՝ կոմիտեի հայտարարության հիմքով կալանավորված անձինք են ազատ արձակվել։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն օրեր առաջ ևս երկու անձի գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել, ի թիվս այլ հանգամանքների՝ հղում կատարելով Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին։ Դատավորը որոշումները կայացրել է կողմերի բացակայության պայմաններում։
«Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ, հորդորել է օգտագործել անազատության հետ չկապված այլընտրանքային միջոցները՝ հաշվի առնելով այդ հիվանդության առանձնահատկությունները, ինչպես նաև այն, որ կալանքի ժամանակ դժվար կլինի մասնագիտական բուժում և խնամք տրամադրել»,- ասաց Արա Ղազարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ յուրաքանչյուր գործի պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
- ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան