Արթուր Դանիելյան. Մեր նպատակը պետք է լինի քաղհասարակության ոչնչացումը
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը շնորհակալություն է հայտնում մեղադրանք առաջադրելուց հետո իրեն աջակցություն հայտնած անձանց։ Նրան զարմացրել է, որ այդքան մեծ թվով մարդիկ իրենց ձայնն են բարձրացրել անարդարության դեմ։
«Այնուամենայնիվ այն տեղի է ունենում քաղաքացիական դաշտում, երբ ՀԿ-ները, կուսակցությունները քննադատեցին տեղի ունեցածը։ Մինչդեռ, եթե մեր գերագույն առաքելությունը հայապահպանությունն է, մարտավարական առումով մենք բոլոր պետք է պայմանավորվենք, որ մեր նպատակը պետք է լինի քաղաքացիական հասարակության ոչնչացումը»,-նշեց Ա. Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է կառավարվի նվիրյալների կողմից, մի բան, որ քաղաքացիական հասարակությունը թույլ չի տա։
«Երբ Լենա Նազարյանը ասում էր, մենք հո՞ նվիրյալ չպիտի լինենք, ճիշտ էր ասում։ Ինքը գործ կանի, եթե կա աշխատավարձ։ Մինչդեռ մեզ համար այդպես չի։ Դրա համար «Ադեկվադ»-ն առաջին հերթին միաբանություն է, եղբայրություն է։ Ես հավատում եմ, որ հնարավոր է, որ բոլոր ազգային արժեքներ կրող մարմիններին միավորել ու դարձնել մի մեծ միաբանություն։ Ես ուրախ եմ, որ հիմա տեղի են ունենում կոնսոլիդացման որոշակի գործընթացներ»,-նշեց Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ բոլորի նպատակը պետք է լինի ստեղծել տեխնոկրատական Հայաստան, որի տնտեսական մոդելը հիմնված կլինի սոցիալական արդարության վերականգնման վրա, քրիստոնեական գթասրտության վրա, գերագույն արժեքը այս պետության մեջ պետք է լինի հայությունը, ոչ թե անդեմ, անսեռ, անկրոն մարդիկ։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Իշխանությունն օգտագործում է կենցաղային միջադեպը, որ Դանիելյանի նկատմամբ իրագործի քաղաքական կոշտ հետապնդում
- Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է․Փաստաբանը՝ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքի մասին
- Արթուր Դանիելյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել