Ոնց որ այս ասֆալտի համար ենք հեղափոխություն արել. քաղաքացիների բողոքները
Հասարակություն
14:50 17/09/2020
Հայաստան

Ոնց որ այս ասֆալտի համար ենք հեղափոխություն արել. քաղաքացիների բողոքները

Երևանի Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր կրկին կառավարության դիմաց են: Նրանք ցանկանում են իմանալ, թե ի վերջո երբ է լուծվելու իրենց բնակարանների խնդիրը:  Նշում են, որ արդեն բավական երկար ժամանակ պայքարում են իրենց խնդրի լուծմանը հասնելու համար, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա, ոչ մի բան չկա:

«Դրսում  ենք մնացել, ոչ տան վարձ են տալիս, ոչ բնակարան, ոչ էլ տների համար փոխհատուցում: Ահավոր վիճակ է: Վարչապտի օգնականն այս գործը հանձնել է Սուրեն Ղամբարյանին: Ամեն հինգշաբթի նիստից հետ վախենում է դուրս գալ, հանդիպել լրագրողների հետ, վերջին խոսքն ասել:  Չի ասում, որովհետև  ստախոս անձնավորություն է: Իջնում է ներքև, հորդորում է մեզ՝  այս շաբաթ քաղաքապետրանում է, այս շաբաթ կառավարությունում է, ձեր հարցերն անպայման կլուծվեն: Փափուկ բարձը դնում է գլխներիս տալ, ուղարկում տուն:

Ուզում ենք մեր երկրում ճիշտը լսել, ապրել մեր երկրում հանգիստ ու խաղաղ: Հույս ունենի, որ հեղափոխությունից հետո  իրավիճակ է փոխվել, իմ վիճակն էլ կկարգավորվի, սակայն  երկու տարի է բողոքարկելով հանդերձ հասկացա, որ ոչ մի որակ չկա իրենց աշխատանքի մեջ: Հանդիպում եմ պահանջում, պարոն վարչապետ: Պահանջում եմ, որ իմ հարցին վերջիվերջո լուծում տաք: Մտածում էինք այս կառավարությունը մեզ չի անտեսի, մեր հարցերին լուծում կտա, սակայն երկու տարի է ոչ մի լուծում, ինչքան  անհեթեթ  պատասխաններ պետք է, ստացանք»,- լրագրողներին ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի նշեց. «Ամբողջ աշխարհին ասում ենք՝ ժողովուրդ ջան, սթափվեք, սուտ է, այս ապիկարները սուտ են, մեզ համար չեն եկել: Մենք խաբված ենք: Գալիս եմ, որ ամեն հինգշաբթի, ինչպես իրենք են մեզ խաբում, ես էլ թքեմ իրենց երեսին: Ինչ խոսում են, սուտ է, սրիկա ստախոս են սրանք:

Մեր հարցն ընդհանրապես չեն էլ քննարկում, որտեղ փող կա, այդ հարցերն են դնում քննարկման: Այնպիսի տպավորություն է՝ ոնց որ այս երկիրն ասֆալտի համար ենք հեղափոխություն արել: Մենակ ասֆալտի ծրագիրն է»:

Կառավարության մոտ են նաև ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները, որոնք փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ ՌԴ: Նրանք նշեցին, որ այս հարցում որևէ փոփոխություն չկա: Ըստ նրանց, պատկան մարմիններն ասում են՝ բանակցում են, սակայն  ժողովրդին հետաքրքրում է, թե որ փուլում են այդ բանակցությունները, ինչքան ժամանակից հարցը կլուծվի:

«Ռեալ չեն ասում, անորոշ վիճակ է»,- ասում են նրանք:

Placeholder