Վոլգոգրադում ահաբեկչություն է կանխվել
Հասարակություն
15:21 15/10/2020
Տարածաշրջան

Վոլգոգրադում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» խմբավորման միավորների կողմից նախատեսված ահաբեկչական գործողություններ են կանխվել ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Դրա անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից են, նախատեսել էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել։

«Խմբի պարագլուխը և նրա հանցակիցը ձերբակալվելիս զինված դիմադրություն են ցույց տվել Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ինչի հետևանքով վնասազերծվել են»,-աղբյուրին հայտնել են ծառայությունից։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են զենքեր, քիմիական բաղադրիչներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաև կրոնական գրականություն ու քարտեզ, որտեղ նշված են այն տեղերը, որոնք պետք է հարձակման թիրախ դառնային։

Ահաբեկչության նախապատրաստման համակարգումն իրականացվել է Սիրիայից, իսլամիստները պլանավորել էին պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանը, վտանգավոր արտադրություն, ինչպես նաև Մայր Հայրենիքի արձանը։

Ձերբակալություններ են իրականացվել նաև Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ուֆայում և այլուր։

Աղբյուրը հիշեցնում է, որ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը այս տարվա հունիսին հայտարարել էր, որ վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանում կանխել են մոտ 160 ահաբեկչություն, որից 43-ը՝ 2019-ին, ավելի քան 20-ը՝ ընթացիկ տարում։

 

Placeholder