Վազգեն Մանուկյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից
Քաղաքական
20:52 03/12/2020
Հայաստան

Վազգեն Մանուկյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից

«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:

Ի դեպ,  լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների կողմից։

Այսպես՝

РИА Ноости-ն մեջբերել է Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված, այնուհետև ներկայացրել Վազգեն Մանուկյանի քաղաքական ուղին՝ նշելով, որ զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, 1996 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել արդյունքները կեղծելու մեջ:

«TVC» հեռուստաալիքը նշում է, որ «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են միավորվել և «Հայրենիքի փրկության խորհուրդ» ձևավորել, որը երկիրը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նպատակներից մեկն է հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդ որում, ընդդիմության միակ թեկնածուն դարձել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Եթե այդ փոփոխությունը կայանա, ապա «Փրկության խորհուրդը» չի ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմանը»:

vedomosti.ru-ն տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» հաղորդագրությունը, մի փոքր հատված մեջբերել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից և վերջում նշել, որ Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել ԼՂ անկախության պայքարի ակունքներում, զբաղվել է հասարակակա-քաղաքական ակտիվ գործունեությամբ:

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ 2020 թվականին հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին: Պարբերականը մեջբերում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, ով հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ չեղարկել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, եթե հասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Մենք չենք հայտարարել, որ կչեղարկենք հայտարարությունը»,- ասել է Վանեցյանը: Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանն «ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի Հայաստանը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ եւ խնդիրներ լուծի, որոնց այսօր բախվել ենք»։

gazeta.ru-ն նույնպես անդրադարձել է Վազգեն մանուկյանի գործունեությանը և նշել, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո երկրում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

tass.ru-ն էլ հավելել է, որ Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ոչ միայն պատերազմում պարտության համար, այլ նաև երկրի սոցիալական և տնտեսական խնդիրների համար:

«ՆՏՎ»-ի փոխանցմամբ էլ ՝ «Հայաստանի ընդդիմությունն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին: Նա Վազգեն Մանուկյանն է՝ երկրի առաջին վարչապետը եւ նախկին պաշտպանության նախարարը: Երևանի, Բաքվի  և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրից հետո Հայաստանում մասշտաբային բողոքի ակցիաներ սկսվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլը բնակիչներն ընդունեցին որպես դավաճանություն: Այժմ երկրում ռազմական դրություն է գործում, որը չեն չեղարկել՝ չնայած նրան, որ մարտական գործողություններն ավարտվել են: Այդ պատճառով պաշտոնապես վարչապետին փոխելն անհնար է:

Սակայն ընդդիմությունը մտադիր չէ կանգ առնել, իսկ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Ինչպես ակնկալվում է, ելույթ կունենա Վազգեն Մանուկյանը և կներկայացնի ընդդիմության ծրագիրը: Քաղաքական գործիչը հակամարտության թեժ փուլում քննադատում էր Փաշինյանի կառավարությունն ու պահանջում նրա հրաժարականը»։

Placeholder
Վազգեն Մանուկյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից