«Ավրորան» աջակցում է «Թվային Մատենադարանին»
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում:
Նախաձեռնությունից հայտնում են, որ դրամաշնորհի նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ և եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային և աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն:
Այն հնարավորություն կտա այցելուներին՝ շրջել և առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր՝ այդ թվում հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ: Այդպես այցելուները ոչ միայն ամբողջական պատկերացում կկազմեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող ձեռագրական հավաքածուների մասին, այլև կկարողանան թվային տարբերակով դիտել առանձին ձեռագրերի էջեր և նույնիսկ խոշորացնելու միջոցով «զննել» մանրանկարները:
Դեռևս 2015 թվականի դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն տվեց Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում. այդ սարքով մինչև օրս թվայնացվել են ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր և հնատիպ գրքեր:
2016 թ. դրամաշնորհով տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Իսկ 2017-20 թթ. «Ավրորան» օգնել է Մատենադարանին կազմակերպելու 50-ից ավելի դասախոսություններ գիտնականների և հետազոտողների համար, ինչպես նաև ստեղծելու հայ գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ օժանդակելով գիտահետազոտական ինստիտուտի կրթական և ակադեմիական այլ ծրագրերին: