Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
Քաղաքական
12:03 05/02/2021
Աշխարհ

Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ, որը փետրվարի 4-ից 6-ը գտնվում է Մոսկվայում: ԵՄ դիվանագիտության ղեկավարի այցը առաջինը կլինի 2017 թվականից ի վեր, երբ Բորելի նախորդը՝ Ֆեդերիկա Մոգերինին, այցելել էր Ռուսաստան: Այս մասին գրում է Tass-ը։

Բորելը, իր Մոսկվա ընթացիկ ուղևորության նախօրեին, Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ այժմ այս այցը «ավելի քան երբևէ անհրաժեշտ է»:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այցը պլանավորված էր, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր և հավելել, որ «տեղեկատվական բլոկը, որն այժմ արվում է ու այցը կապվում միայն մարդու իրավունքների բովանդակության հետ, չի համապատասխանում իրականությանը»:

Մարտին Եվրոպական խորհուրդը նախատեսում է բարձր մակարդակի քննարկում անցկացնել ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարության վերաբերյալ: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ Լավրովն ու Բորելը կքննարկեն «Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջ խնդիրն ու հեռանկարները»:

Լավրովը նախկինում բազմիցս նշել էր եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների դժվարությունները։

Նշենք, որ ԵՄ երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների վերջին լարվածությունը կապված է ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի ազատազրկման հետ։ Եվրոպան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին, ՌԴ-ն այդ կոչերը համարում է իր ներքին գործերին միջամտություն։

Placeholder
Լավրովն ու Բորելը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում