Բայդենն ասել է, որ Պուտինը կվճարի ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար
Քաղաքական
16:51 17/03/2021
Աշխարհ

Բայդենն ասել է, որ Պուտինը կվճարի ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի» 2020 թվականին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ նախագահի խոսքերը փոխանցում է «Գազետա ռու»-ն:

Երեքշաբթի ԱՄՆ Հետախուզական գլխավոր գործակալությունը հրապարակեց 2020 թ. ընտրություններին օտարերկրյա միջամտության վերաբերյալ զեկույց, որում ասվում էր, որ Պուտինը շատ ջանք է թափել նախագահական ընտրություններում Բայդենի թեկնածությունը «արատավորելու» համար:

Ամերիկայի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «կվճարի» նման գործողությունների համար: Բայդենը հիշեցրել է, որ ինքը և Պուտինը զանգահարել են միմյանց հունվարի վերջին և երկար զրույց են ունեցել:

«Զրույցի սկզբում ես ասացի՝ ես քեզ ճանաչում եմ, և դու՝ ինձ և եթե ապացուցեմ, որ դա տեղի է ունեցել (Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին 2020 թվականին), ապա պատրաստ եղեք»,-ասել է ԱՄՆ ղեկավարը ABC-ին տված հարցազրույցում:

Բայդենը չի մանրամասնել, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի ընտրություններին Պուտինի միջամտությունը հաստատելու դեպքում:

Ավելի վաղ Կրեմլը պատասխանել էր Վաշինգտոնի այն պնդմանը, որ Ռուսաստանը կարող էր ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զեկույցը որակել էր սխալ և չհիմնավորված:
 

Placeholder
Բայդենն ասել է, որ Պուտինը կվճարի ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար