Ում էլ հրավիրեք քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու՝ չեն գալու, էս գլխից եմ ասում. Բագրատյան
Քաղաքական
12:06 17/03/2021
Հայաստան

Ում էլ հրավիրեք քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու՝ չեն գալու, էս գլխից եմ ասում. Բագրատյան

«Պետք է հնարավորություն տալ խմբակցություններին, որպեսզի կարողանան հիմնավորված՝ քննիչ հանձնաժողովի եզրակացության հիման վրա կառավարության անդամին անվստահություն հայտնել՝ հանձնաժողվի նիստին չմասնակցելու հիմնավորմամբ»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Վերջինս հեղինակել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ պատգամավորի՝  նախագիծը հետապնդում է քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակ: 

«Որոշմամբ նախատեսվում է գրավոր հարցապնդմամբ դիմել կառավարությանը՝ անhրաժեշտության դեպքում ընդունել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ընդդիմության արդյունավետ գործիք է և պետք է բացառել, որ կառավարության ներկայացուցիչենրը կարողանան անտեսել այն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ  խմբակցությունները կառավարության անդամին անվստահություն հայտնել ոչ ֆորմալ կերպով այսօր էլ կարող են, իսկ օրենքի նախագիծը կարող է հակառակ էֆեկտն ունենալ:

Վերջինս փաստարկեց, որ կառավարության անդամը կարող է գալ քննիչ հանձնաժողովի նիստին և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պատգամավորների նկատմամբ ու մնալ անպատիժ, քանի որ օրենքով միայն բացակայության դեպքում է պատժվելու:

Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրել են կառավարության անդամներին, որոնք չեն ներկայացել, իսկ ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ, ստիպված է եղել բացակայությունների փաստերը ապացուցել փաստաթղթերով:

«Եթե մերժման մեկ-երկու դեպք է լինում՝ այլևս վիրավորական է և դու արդեն հաջորդ նախարարին էլ չես հրավիրում: Էս է, թող սկսի աշխատել կովիդի քննիչ հանձնաժողովը, և ում էլ հրավիրեն նիստերին մասնակցելու՝ չեն գալու, էս գլխից եմ ասում»,- հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:

Անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գտնում է, որ եթե նախագիծն առկա վիճակը բարելավում է, ապա պետք է կողմ քվեարկել, բայց ինքը ձեռմպահ է քվեարկելու:

Հանձնաժողովի անդամներից ոչ մեկը կողմ չքվեարկեց Նախագծին և և այն չստացավ դրական եզրակացություն:

Placeholder
Ում էլ հրավիրեք քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու՝ չեն գալու, էս գլխից եմ ասում. Բագրատյան