Կառավարությունը փորձեց պետական դավաճանության համար պատիժը խստացնող օրինագծում այլ կետ ավելացնել
Քաղաքական
16:30 17/03/2021
Հայաստան

Կառավարությունը փորձեց պետական դավաճանության համար պատիժը խստացնող օրինագծում այլ կետ ավելացնել

«Որպես իրավակարգավորում և խիստ պատիժ սահմանելու մոտեցում՝ 393 հոդվածում փոփոխությունը խիստ ընդունելի է, սակայն մեր ներկայացրած իրավակարգավորման հետ եզրերը չենք տեսնում նախագծում ներառելու համար, սա ուրիշ հոդված է»,-Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով իր համահեղինակած օրենքի նախագիծը նոր հոդվածի փոփոխությամբ համալրելու կառավարութան առաջարկը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանն առաջարկել են Քրեական օրենսգրքի 299-րդ և 302-րդ հոդվածներով նախատեսված պետական դավաճանության և լրտեսության մասին հոդվածներով սահմանված պատժաչափերը խստացնել՝ հասցնելով առավելագույնի:

Պատգամավորներն առաջարկում էին պետական դավաճանության համար նախատեսված գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա տասից տասնհինգ տարի ժամկետով պատճաչափը փոխարինել տասնհինգից քսան տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լտեսության դեպքում ութից տասնհինգ տարի ժամկետը փոխարինել տասներկուսից քսան տարի ազատազրկմամբ:

Ներկայացնելով կառավարության դիրքորոշումը՝ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն առաջարկեց պատգամավորների հեղինակած նախագծում ավելացնել նաև 393 հոդվածում նույնանման՝ պատժի առավելագույն չափ սահմանելու փոփոխությամբ կետ:

Վերոհիշյալ հոդվածով սահմանվում է, որ Ցեղասպանությունը, այսինքն` ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով` այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելը պատժվում են ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Կառավարությունն առաջարկում էր այդ հոդվածի պատժաչափի մեջ ավելացնել նաև գույքի բռնագրավման դրույթը:

Վահե Էնֆիաջյանը մերժելով առաջարկը՝ նկատեց, որ այդ ընդունելի դրույթը կառարավությունը, կամ պատգամավորներն այլ նախագծով կարող են ներկայացնել, իսկ իրենց հեղինակած նախագիծը բոլորովին այլ տրամաբանություն ունի:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Վարդանյանը հիշեցրեց, որ Ցեղասպանության հոդվածի հեղինակը ինքն է և պատրաստակամություն հայտնեց արագ ներկայացնել առանձին նախագիծ, որպեսզի պահպանվի պատժի համաչափությունը երկու մեծագույն հանցագործությունների միջև:

Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախագիծն երկրորդ ընթերցմամբ օրակարգ ընդգրկելու առաջարը, իսկ կառավարության ներկայացուցիչը հանեց 393-րդ հոդվածի փոփոխությունը նախագիծ մտցնելու իր առաջարկը:

Placeholder
Կառավարությունը փորձեց պետական դավաճանության համար պատիժը խստացնող օրինագծում այլ կետ ավելացնել