Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի. Սաղաթելյան
«Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռևս փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը երկու անգամ տա հրաժարական, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը, Հանրապետության նախագահը նշանակի ընտրություններ:
«Այսինքն` այն ֆեյսբուքյան ստատուստը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ և վերջնական են, մեզ մոտ հավատ չի ներշնչում: Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, շատ արագ հրաժարվել են: Պատերազմի ժամանակ 44 օր ստով ու կեղծիքով կերակրել են մեզ:
Մենք ունենք բավարար բոլոր հիմքերը կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը:
«Եթե նույնիսկ տեղի ունենա խորհրդարանական ընտրություններ, դա բավարարում է Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասը:
Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ կամ իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով: Մեծ է հնարավորությունը, որ այդ ընտրությունները կեղծվելու են:
Իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի: Հետևաբար, Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ իր առաջարկած օրակարգը ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ ճանապարհային քարտեզն է»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենց բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են, նարավոր է մարտավարության փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն, ըստ էության, գոյություն չունի, կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ են համարում մտնել այդ օրակարգի մեջ:
Նա նշեց, որ ընտրությունների մասին հայտարարությունը Շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականացրած աշխատանքի, ճնշման արդյունք է:
«Այսինքն այս իմասով սա ինչ-որ տեղ ձեռքբերում է, քանի որ ցանկացած իշխանություն, եթե իր վիճակը լավ է, ունի լեգիտիմություն, չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրության: Այս իմաստով սա ձեռքբերում է, բայց բավարար պայման չէ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:
Իսկ ինչո՞ւ է փորձում հայտարարել այդ մասին և վտանգ կա, որ չանի: Մենք ունենք այդ փորձառությունը: Ես չունեմ որևէ հիմք հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Նա նշեց, որ եթե հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած հատվածում պետք է հրաժարական տա. «Մոտ 40-50 օր առջևում կա: Եթե իրենք անկեղծ էին, մենք ասել էինք՝ թող հենց վաղը գար, հրաժարական տար, ինչո՞ւ համար է այդ ժամանակահատվածը:
Երկրորդ՝ մի քանի անգամ Շարժումը մեծ թափ է հավաքել, հանդես են եկել խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար, որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ, հասարակությունը իմանալով, որ տեղի է ունենալու ընտրություն, ինչ որ կերպ շարժման թափը մարել է, հետո ասել են՝ չկա հասարակական պահանջ ընտրություն կազմակերպելու համար:
Այսինքն մենք ունենք բոլոր հիմքերը կասկածելու իրենց անկեղծության վրա: Բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ իր գլխավորությամբ կազմակերպված ընտրությոնները չեն կարող լինել մրցակցային, հավասար պայմաններում, դառնան նոր ճգնաժամի պատճառ: Մեծ վտանգ կա, որ այդ ընտրությունները չեն ունենալու հանրային մեծ վստահություն»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգողը:
Հարցին՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա ո՞վ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Մարդ, որն այդ ընտրություններին չի ունենալու անձնական շահագրգռվածություն: Իհարկե, խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է, բայց եթե կա այլ թեկնածու, որը կարող է լինել չեզոք, կարող ենք քննարկել: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանի նպատակը երբեք չի եղել վարչապետ լինելը, ինքն իրեն չի առաջադրել, մենք ենք խնդրել Վազգեն Մանուկյանին իբրև մեծ կենսագրություն, փորձառու քաղաքական գործիչ ընդառաջել մեր պահանջին: Մենք պնդում ենք, որ հարմար թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Եթե լինի քննարկումներ, կարող ենք քննարկել:
Ամենակարևորն այստեղ սկզբունքն է՝ ընտրությունները կազմակերպող անձը չպետք է ինքը և իր կուսակցությունը մասնակցեն այդ ընտրություններին»: