Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները․ Արա Այվազյան
Մինսկի խմբի համանախագահների երկու հայտարարություններում արտացոլված են հայկական կողմից բարձրացված հարցերը։ Այս մասին ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է և ունի միջազգային մանդատ ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կղեկավարի գործընթացները»,- ասաց Այվազյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում եղել են շփումներ համանախագահողների հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին, ապա Այվազյանը տեղեկացրեց, որ այն նպատակ ունի ակտիվացնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները: