«Պատերազմից 1-2 օր առաջ ռադիոկլանում էր եղել, որն այդ առումով վստահելի էր թվացել». Փաշինյան
Քաղաքական
18:40 27/10/2021
Հայաստան

«Պատերազմից 1-2 օր առաջ ռադիոկլանում էր եղել, որն այդ առումով վստահելի էր թվացել». Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիրը կամ իրադարձությունները բավականին կտրուկ զարգացումներ են ապրել, բավականին մեծացել է պատերազմի հավանականությունը։

«Այս տեսանկյունից կարևոր կլիներ նշել ոչ միայն ամսաթիվը, նաև ժամերը, քանի որ դրանից շատ ու շատ դրվագներ են կախված»,- նշեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այն, որ պատերազմի շեմին են, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, օրինակ, մասնավորապես 2011-ի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո:

«2018-ին իմ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ այդ պահից սկսած ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ իր հիշողության մեջ արձանագրված է սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել։

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ եթե սեպտեմբերի 25-ին ունեցել է այդ տեղեկատվությունը, բացի այդ կար բաց տեղեկատվություն՝  Ադրբեջանում համատարած մոբիլիզացիա  է, մեկուկես ամիս Թուրքիայի հետ զորվարժություններ էին ընթանում,  ապա ինչո՞ւ  Հայաստանն ու Արցախն ապահովագրելու համար պետական կառավարման համակարգը և Զինված ուժերը պատրաստության համապատասխան վիճակի չէր բերել, նույնիսկ եթե կասկածներ ուներ, որ կարող է պատերազմ չսկսվեր։

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, Զինված ուժերը գործում են ըստ կիրառման պլանի։ Ընթացակարգեր կան, որոնք  պետք է աշխատեն, ապահովագրել-չապահովագրելու մասին չէ։ Այո, եղել է գնահատական, ինքս էլ եմ ունեցել այդպիսի գնահատական, այդպիսի գնահատականն ինձ էլ ասել են, կիսել եմ այդ գնահատականը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Placeholder
«Պատերազմից 1-2 օր առաջ ռադիոկլանում էր եղել, որն այդ առումով վստահելի էր թվացել». Փաշինյան