Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Արցախին վերաբերող հարցեր
Քաղաքական
09:00 06/04/2022
Հայաստան

Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Արցախին վերաբերող հարցեր

 Նիկոլ Փաշինյանը նախօրեին  հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։ 

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Ն.Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Ն.Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը: 
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

Ն.Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Կառավարությունից նաև հայտնում են, որ ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է  Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Placeholder
Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Արցախին վերաբերող հարցեր