Դուք լկտի եք ձեզ պահում. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին
Քաղաքական
12:37 31/05/2022
Հայաստան

Դուք լկտի եք ձեզ պահում. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին

«Հայաստանն ասում է, որ այնտեղ կա բնակչություն՝ Արցախի բնակչություն, իրենք ունեն իրավունքներ և դրանից պետք է բխեցնել կարգավիճակը: Հիմա սանդղա՞կ դնենք, ինչպես ընդդիմությունը սանդղակ դրեց և մնաց այդ սանդղակի վրա»,-հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունները նախկինի նման չեն հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Նա հռետորական հարց հնչեցրեց, թե 1998 թվականից ի վեր որևիցե մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին:

«1998 թվականից հետո Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում, լինի Մադրիդյան սկզբունքները, Մեղրին Արցախով փոխարինելու սկզբունքները և այլն»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի հայտարարում, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում՝ ԱԺ նախագահն ասաց. «Չեմ ասում, քանի որ այն նշանակում է բանակցություններից առաջ ինչ-որ գիծ դնել՝ ասելով, որ սրանից այն կողմ չենք անցնում: Որևէ բան ասելով՝ կարող եմ կանխորոշել և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները: Հիմա ինչ-որ մի լավ լոզունգ կամ վերնագիր տալու համար հայտարարություններ անեմ և հետագայում այն ազդի բանակցային գործընթացի վրա՞»:

Լրագրողը հիշեցրեց, որ մինչև 2018թ.-ն Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության, ֆեյսբուքի իր էջում Աղդամում նուռ ուտելով լուսանկար էր հրապարակել և գրառում արել, որ այն իրենց հայրենիքն է և հարցրեց, թե այսօ՞ր էլ ԱԺ նախագահն այդ կարծիքին է:

«Կարսն էլ ինչ-որ մի չափով իմ հայրենիքն է, քանի որ իմ տատերը, պապերը Կարսից են»,-հայտնեց Սիմոնյանը և խնդրեց  ժամանակին իր ֆեյսբուքյան գրառումը չկապել ներկայիս իրողության հետ:

Լրագրողը շարունակեց՝ հարցնելով, որ եթե Աղդամն Ալեն Սիմոնյանի հայրենիքն է, ինչո՞ւ չի գնում այնտեղ ապրելու:

«Սա արդեն հարցազրույց չէ, այլ լկտիություն է, դուք լկտի եք ձեզ պահում, ես ձեր հարցերին չեմ պատասխանելու»,-արձագանքեց ԱԺ նախագահը:

Placeholder
Դուք լկտի եք ձեզ պահում. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին