Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 2 068 նոր ապրանքային նշան
2021թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 2 887 հայտ (2 364-ը` ազգային հայտատուներից):
ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ ապրանքային նշանների 2 815 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 42 հայտ, 240 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Գրանցվել է 2 068 ապրանքային նշան (1 801-ը՝ ազգային հայտատուների անուններով):
Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2 765 ծանուցում: Միջազգային ծանուցումներով կայացվել է 1 937 որոշում ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին՝ 821, իսկ վերջնական մերժման մասին`1 495 որոշում: ՀՀ-ից ներկայացվել է միջազգային գրանցման 33 հայտ:
Ըստ վիճակագրության՝ 2021թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 37 արդյունաբերական դիզայնի հայտ (32-ը՝ ազգային հայտատուներից), որոնցից 23-ը ստացել է վկայագիր: Արդյունաբերական դիզայնի Հաագայի համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է արդյունաբերական դիզայնի միջազգային գրանցման մասին 95 ծանուցում: