19-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Կինոփառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, «Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Օպերատոր՝ Գասեմ Էբրահիմյան, երաժշտությունը` Անդրանիկ Բերբերյանի։ Մոնտաժողներ՝ Մայք Սոլեմ, Մայքլ Գյուրջյան։ Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։
Ֆիլմի հերոս Փոքրիկ Չարլին մազապուրծ փախչում է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղևորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը սակայն չի բերում: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում է աշխարհով: Շատ փախստականների և որբերի պես՝ Չարլիի մեծ սրտում անլցնելի անդունդ է գոյանում: Պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, և նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Հայաստանի հոգին խեղդվում է երկաթե վարագույրի տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում և բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ հանցագործության մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:
Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում: Նա «Էմմի» մրցանակ է ստացել «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Հայտնի է նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում, ինչպես նաև պաշտամունքային և դասական դարձած «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից» ֆիլմում խաղացած դերերով: Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ հանդես է եկել HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում: Նրա ֆիլմացանկում են նաև «Լրավաճառները», «Չապլինը»՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ, «Հավերժ երիտասարդ»՝ Մել Գիբսոնի մասնակցությամբ, «Լաս Վեգասից հեռանալով», «Հորդ անձրև»՝ Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ, «Ջախջախված»՝ Հիդեր Գրեմի մասնակցությամբ, «Անպարտելիները», «Լյուցիֆեր», «Ծածուկ գործեր», «Խաբիր ինձ», «Տունը», «Լրտեսը», «Վանականը», «Հանցանքի վայրը», «Առանց հետքի» և այլ ֆիլմեր: Նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։
Հարակից հրապարակումներ`
- Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
- «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն կանցկացվի հուլիսի 10-17-ը
- «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
- Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանյան» շաբաթ
- «Ոսկե ծիրան». Բուժաշխատողների համար կինոփառատոնի մրցութային ծրագրերի ֆիլմերի մուտքն ազատ է
- Կոռնել Մունդրուցոն՝ «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան