Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Քաղաքական
09:00 26/07/2022
Հայաստան

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր:

«Քննարկման առարկա  են  դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր»,- հայտնում են կառավարությունից։ 

Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի  լուծումներին:

Ն. Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Ն. Փաշինյանի  և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Ն.Փաշինյանն  ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:

Placeholder