ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է 2023 թ-ին տնտեսությունում ռեցեսիայի վտանգի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է 2023 թվականին ամերիկյան տնտեսությունում ռեցեսիայի վտանգի մասին:
Երկրի տնտեսական իրավիճակի և գալիք տարվա կանխատեսումների քննարկման ժամանակ լրագրողը Յելենին հարցրել է, թե արդյոք հասարակ ամերիկացիները, որոնք տուժել են ապրանքների գների աճից, պե՞տք է անհանգստանան 2023 թվականին ռեցեսիայի մեկնարկից։
«Ռեցեսիայի ռիսկ միշտ կա։ Տնտեսությունը դեռ ցնցումների է ենթարկվում։ Բայց լսեք, մենք ունենք շատ առողջ բանկային համակարգ, ունենք շատ առողջ բիզնես և տնային տնտեսության ոլորտ», ասել է Յելենը։
Նա կարծում է, որ 2023-ին գնաճը 2022-ի համեմատ շատ ավելի ցածր կլինի, սակայն դրա համար, ըստ նախարարի, չնախատեսված ցնցում չպետք է լինի։
Նշենք, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր՝ ԱՄՆ-ն աշխարհում բոլորից լավ է պատրաստ գալիք տարիներին համաշխարհային տնտեսության առաջատար լինելուն։