Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվում են դեպի Լաչինի միջանցք
Հասարակություն
11:26 26/12/2022
Հայաստան

Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվում են դեպի Լաչինի միջանցք

Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք։  Երթի մասնակիցները Գորիսում կհանդիպեն ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակվելու պատճառով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին՝ նրանց հանձնելու նվերներ։ Այնուհետև նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի այն հատված, որտեղից փակ է Լաչինի միջանցքը։

«Կփորձենք բանակցել հայ ոստիկանների հետ, հետո ՝ ռուս խաղաղապահների։ Ամեն մեկս Արցախի համար պետք է անենք հնարավոր ամեն ինչ։ Չենք կարող ուղղակի ասել՝ Արցախը սիրում ենք ու հանգիստ նստենք։  Չենք կարող նստել այստեղ ու սպասել, թե ինչ որ բան կստացվի»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը։

Նա նշեց, որ իրենց ճանապարհին էլի քաղաքացիներ են միանալու։

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Placeholder
Քաղաքացիները Երևանից ավտոերթով շարժվում են դեպի Լաչինի միջանցք