«Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ  դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
Քաղաքական
11:45 07/02/2023
Հայաստան

«Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից

«Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածն ուղղակի արգելում է  վաճառել նման հողամասը մասնավոր անձի, ինչպե՞ս է տեխնիկանապես հնարավոր  եղել այն վաճառել»,- Ազգային ժողովում այս հարցը ՔՊ-ական Արման Եղոյանը տվեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով ներկայացնում է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Պաշտպանության նախարարությանը տրամադրված Արարատի մարզի Արմաշ համայնքի «հատուկ նշանակության» հողամասերին։

Աննա Վարդապետյանն ասաց. «Այս պահին  մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը՝  Վեդու Կադաստրի տարածքային միավորի ղեկավարն ուղիղ իր ցուցմունքում նշել է՝  ի սկզբանե ես ասացի, որ սա չի կարելի օտարել, սա  60-րդ հոդվածի սահմանափակման տակ է, վերադաս  ղեկավարությունն ինձ ուղիղ ասաց, որ պիտի նշանագրումն անես կադրաստային գործում փաստաթղթի վրա, հակառակ  դեպքում...  արդեն պատկերացնում եք ինչ, ինչ սպառնալիք կարող էր հնչել»։

Ա. Եղոյանն ասաց, որ հիմա հնչում են մեղադրանքներ, թե պետական ինստիտուտներն ավերեցին, քանդեցին։

«Փաստորեն, ինստիտուտներն այն ձևով էին գործում, որ ուղղակի հնարավոր էր ոչ թե ինչ-որ խախտում անեին, շեղվեին ճիշտ նորմերից, այլ  անեին մի բան, որը հնարավոր չէր անել ըստ օրենքի»,- ասաց ՔՊ-ականը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց. «Հայաստանում գործել է մի իշխանություն, որը  զբաղված է եղել մասսայական իշխանությունը սեփականության կոնվերտացնելով։ Հիմա եկել է հատ–հատ պատասխան տալու ժամանակը, հուսով եմ այդ պատասխանը կտան հատ-հատ, բայց դա մասսայական է եղել»։
 

Placeholder