Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
Տարածաշրջան
09:01 07/02/2023
Տարածաշրջան

Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի մերձակայքում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակներից փրկարարները նորածին երեխա են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։ 

Նշվում է, որ երեխան ծնվել է փլատակներում, նրա մորը, ցավոք, չի հաջողվել փրկել։ Իսկ երեխային փրկել և տեղափոխել են հիվանդանոց։

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են փրկարարները հենց նոր  դուրս բերված մերկ նորածնին արագ տեղափոխում։ 

Ավելի վաղ Հալեպից տեղեկություն էր ստացվել Ալ-Աքաբա թաղամասում փրկված նորածին աղջկա և դեռահասի մասին։ Այստեղ երկրաշարժի հետրանքով փլուզվել է 47 շենք։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711 մարդ, տուժել՝ 1431-ը։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
 

 

Placeholder