Զեկույց. Աշխարհի բնակչության կեսից ավելին մինչև 2035 թվականը ճարպակալում կունենա
Եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն իրավիճակը փրկելու համար, մինչև 2035 թվականն աշխարհի բնակչության կեսից ավելին կունենա ավելորդ քաշ և շատ դեպքերում ճարպակալում։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, զգուշացնում է Գիրության համաշխարհային ֆեդերացիան (World Obesity Federation)։
Կազմակերպության զեկույցի համաձայն, խոսքը չորս միլիարդից ավելի մարդկանց մասին է, ովքեր կբախվեն ավելորդ քաշի պատճառով առաջացած խնդիրների, ընդ որում երեխաների և դեռահասների շրջանում սպասվում է ամենամեծ աճը։
Առաջին հերթին դա վերաբերում է Աֆրիկայի և Ասիայի ցածր եկամուտ ունեցող երկրներին: Այս երկրներում խնդրի հիմնական արմատը, ըստ մասնագետների, տարբեր հավելումներ պարունակող ավելի էժան վերամշակված մթերքների օգտագործումն է։ Օրինակ, մսի փոխարեն, որը բնակչության որոշակի շերտերին անհասանելի է գումարի պատճառով, մարդիկ ուտում են երշիկեղեն ու նրբերշիկ։
Ասիայում և Աֆրիկայում գիրության այլ պատճառներ կարող են լինել սննդի վերահսկողության հաստատությունների բացակայությունը, թույլ մարքեթինգային քաղաքականությունը, քաշի խնդիրների պատճառների և հետևանքների մասին հանրային իրազեկվածության բացակայությունը և նստակյաց ապրելակերպը:
Փորձագետները կանխատեսում են, որ աշխարհում գիրության կանխարգելման և բուժման հետ կապված ծախսերը մինչև 2035 թվականը կգերազանցեն չորս տրիլիոն դոլարը։ Իսկ համաշխարհային տնտեսության կորուստները, կապված գիրության հետ, 12 տարում կարող են կազմել համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 3%-ը։
Գիրության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Լուիզա Բաուերը կոչ է անում ամբողջ աշխարհի կառավարություններին սկսել գործել հենց հիմա՝ ապագայում խուսափելու առողջապահական համակարգի բեռնվածությունից և տնտեսական հետևանքներից:
Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված երեխաների և դեռահասների շրջանում գիրության դինամիկային։ Ակնկալվում է, որ նրանց շրջանում ավելորդ քաշ ունեցողների թիվը մինչև 2035 թվականը 2020 թվականի համեմատ կկրկնապատկվի:
Դրանից խուսափել, ըստ Բաուերի, հնարավոր է երիտասարդ սերնդին ուղղված առողջապահական, սոցիալական և տնտեսական տարբեր ծրագրերի պետական ֆինանսավորմամբ։
Հաջորդ երկուշաբթի ՄԱԿ-ին կներկայացվի փորձագիտական զեկույց՝ ուսումնասիրության արդյունքների մանրամասն հիմնավորումներով։ Զեկույցի հեղինակներն առանձին-առանձին ընդգծում են, որ իրենց աշխատանքում ոչ մի կերպ չեն ակնարկում, որ ճարպակալում ունեցող մարդիկ են մեղավոր իրենց վիճակի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչպես ասել երեխային, որ նա ավելորդ քաշի խնդիր ունի, առանց վնասելու. մանկական ճարպակալում (Մաս 2)
- Ինչպես անել, որ 40 տարեկանից հետո ճարպերը ոչ թե կուտակվեն,այլ դառնան էներգիայի աղբյուր
- Հոկտեմբերի 11-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է
- ԱՀԿ. Երեխաների շրջանում ճարպակալության մակարդակը համավարակի ընթացքում աճել է
- Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը