2023թ. փետրվարին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 8.1%. ԿԲ
Տնտեսություն
16:07 14/03/2023

2023թ. փետրվարին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 8.1%. ԿԲ

2023 թվականի փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել՝ կազմելով 8.1%, իսկ բնականոն գնաճը՝ 8.4%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամյսակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճն ու 12-ամյսա գնաճը դանդաղել են։

«Այնուամենայնիվ, դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր։ Ուստի զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։

Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը։ Արդյունքում, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակվում են թուլանալ»,- նշեց Մարտին Գալստյանը։ 

ԿԲ նախագահն ասաց, որ 2023 թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։ Բարձր ակտիվությունն, ըստ նրա, ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ-ի ներուժի ավելացմամբ։

Մարտին Գալստյանի խոսքով՝ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել։ 

«Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի, առանձին ապրանքների և ծառայությունների գների աճին»,- ասաց նա` հավելելով, որ ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացմանը և չեզոքացնելու գնաճային սպասումների «ապախարսխման ցանկացած ռիսկ»։ 

ԿԲ նախագահը վստահեցրեց, որ դրամավարկային քաղաքականության սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ «ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, և ռիսկերի պարագայում էլ Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունության նպատակը»,- նշեց նա։ 
 

Placeholder