«ՏաԹևեր» ճոպանուղին World Travel Awards մրցանակ է ստացել
Աշխարհում
11:56 02/12/2023
Հայաստան

«ՏաԹևեր» ճոպանուղին World Travel Awards մրցանակ է ստացել

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի:

Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ճոպանուղիների հետ:

Դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։ Արարողության ժամանակ մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է: Այն  մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի  զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Placeholder