Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չկա. Ավանեսով
«Ադրբեջան արհեստածին պետությունը, որը ձևավորել է Թուրքիայի ռազմական ինտերվենցիայի շնորհիվ 1918 թվականին, ձևավորվել է հենց ցեղասպան քաղաքականության հենքի վրա, իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հատկապես հայերի նկատմամբ՝ նպատակ հետապնդելով յուրացնել պատմական հայկական տարածքները»,- «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2023 թթ.» թեմայով առցանց ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
Ըստ նրա, անպատժելիությունը կանաչ լույս է բացում Ադրբեջանի հանցավոր քաղաքականության համար։
Ադրբեջանագետի խոսքով, առավել ընդգրկված կերպով ռազմական հանցագործությունների և ցեղասպան քաղաքականության ականատես են եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում։
«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից թիրախավորվել էին քաղաքացիական ենթակառուցվածքները, հասարակական նշանակության օբյեկտները։ Այդ ժամանակահատվածում ևս, ինչպես 1990-ականների պատերազմի ժամանակ, անմասն չմնացին մշակութային ժառանգության նկատմամբ նպատակաուղղված թիրախային հարվածները։
Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախը հայաթափվեց, Արցախը ժամանակավորապես օկուպացվեց»,- ասաց Հ. Ավանեսովը։
Նա նշեց, որ անգամ այս ամենից հետո դատապարտելու, հստակ քայլեր ձեռնարկելու, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն դարձյալ խոսվում է խաղաղության օրակարգի մասին, այնինչ բոլոր քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը խաղաղություն հաստատելու քաղաքականություն չի ունեցել և չի ունենալու։
«Այս ամենից հետո էլ Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է տեղեկատվական դաշտում իր «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը՝ ներկայացնելով Հայաստանի ամբողջ տարածքը որպես ադրբեջանական, պատմամշակութային ժառանգությունը՝ աղվանական, չի դադարեցնում իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ դարձյալ խոսելով սպառնալիքով, թե պատրաստ է զենքի ուժով վերցնել «Զանգեզուրի միջանցքը» կամ բնակավայրերը, որոնց նկատմամբ առաջնահերթ պահանջներ է ներկայացնում։
Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը չի դադարել և չի էլ դադարելու մինչև այն ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այս արհեստածին կազմավորումը»,- ասաց ադրբեջանագետը։
Ադրեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման մասին խոսելով՝ Ավանեսովն ասաց, որ այս ամենին հակազդում են մի քանի կարևոր նախաձեռնություններով, հարթակներով՝ ներկայացնելով գիտական տեղեկատվական պրոդուկտ։
«Պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չի եղել։ Ընդհակառակը, վերջերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չեն ցանկանում այդ թեմաներով խոսել»,- ասաց նա։
Ավանեսովը համոզված է, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատվության չեն ենթարկվել ցեղասպան քաղաքականության, պատերազմական հանցագործությունների համար, այդ հանցագործությունները կրկնվելու են։
«Ձևավորված անպատժելիության հետևանքը մեծ սպառալիք է ոչ միայն Հայաստանի համար, այլ մեծագույն վտանգ է տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության համար, որն առանց այն էլ գրեթե փլուզվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Անպատժելիության դեմը չառնելու պարագայում տարածաշրջանում քաոսային իրավիճակ է ստեղծվելու»,- ասաց Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Արցախում մնացած մշակութային ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա. Անդրեասյան
- Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մեկը հայերի պատմական ներկայությունն է արցախյան տարածքներում. Համլետ Պետրոսյան
- Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
- Բռնի տեղահանության հետևանքով արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից. Արմինե Տիգրանյան
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org